22 մարտի 2018 - 15:59 AMT
Կապանում միջազգային ստանդարտներին համապատասխանող կինոթատրոն է բացվել

Կապանում բացվել է «S'Unique» կինոթատրոնը: Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:

Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ:

«S'Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980-ին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

«Նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S'Unique» կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար, ասվում է ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017-ի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի աջակցությամբ: