22 մարտի 2018 - 17:14 AMT
Քոչարյան. Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը կախված է նաև հայ միգրանտներից

Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցը կախված է նաև ապօրինի միգրանտների վերադարձից։ Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո։

Նա նշել է, որ նոր միգրանտների հոսքը մտավախություն է առաջացնում եվրոպական երկրներում, նրանք ավելի զգուշավոր են դարձել և չեն ցանկանում, որ վիզաների ազատականացումը չարաշահումների հանգեցնի, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը հավելել է, որ նրանք ուզում են համոզված լինել, որ մարդիկ գալիս են հետագայում վերադառնալու մտադրությամբ։

«Այնպես չէ, որ մենք սպասում ենք ինչ-որ մի պահի: Այստեղ խնդիր կա նաև առանձին պետությունների հետ աշխատելու: Սա այն դեպքն է, որ իրավասությունը ԵՄ-ին չի լիազորված, այլ պետություններին է դա: Վիզաների ազատականացման բարդությունը պայմանավորված է Եվրոպայում ձևավորված իրավիճակով՝ միգրանտների հոսքերի հետ կապված: Եվրոպական պետություններն արդեն զգուշավոր են մոտենում այդ հարցերին: Սակայն մենք դա խոչընդոտ չենք համարում և աշխատանքները շարունակում ենք այդ ուղղությամբ»,- նկատել է նա:

2014-ից ՀՀ քաղաքացիների համար ազատականացվել էր ԵՄ կարճատև վիզաների տրամադրումը։ Վիզայի տուրքերը նվազեցրել էին 60-ից մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար (գիտնականներ, ուսանողներ, ստեղծագործական կոլեկտիվներ և այլն)` ընդհանրապես չեղյալ հայտարարվել։ ԵՄ քաղաքացիները 2013-ից Հայաստան են այցելում առանց վիզայի։