28 մարտի 2018 - 10:57 AMT
Ամերիկահայ պրոֆեսորը ինժիներիայի հեղինակավոր՝ Ջոն Ֆրիցի մեդալ է ստացել

Ամերիկյան Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ամերիկահայ Աննե Քիրեմիդջյանը 2018 թվականին «Ամերիկյան ինժիներական հանրության ասոցիացիայի» (AAES) կողմից պարգևատրվել է Ջոն Ֆրիցի մեդալով: The Armenian Weekly-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը:

Մրցանակը տրվում է տարվա ընթացքում ճշգրիտ կամ կիրառական գիտության ոլորտում նվաճումների համար: Այն ստեղծվել է 1902 թվականին և համարվում է ինժիներիայի ոլորտի ամենահեղինակավորներից մրցանակներից մեկը:

Հայազգի պրոֆեսորը պարգևատրվել է մեդալով սեյսմիկ վտանգի գնատահատման ոլորտում նշանակալից ուսումնասիրությունների և հաջորդ սերունդների շրջանում սեյսմոլոգիայի ոլորտի մրցունակ ինժիներներ կրթելու համար:

«Քիրեմիդջյանի հետազոտությունը կենտրոնանում է շենքերի կայունության, կայուն քաղաքային բնակավայրերի վրա, որոնք ի վիճակի են դիմակայելու կարճաժամկետ և երկարաժամկետ բնական աղետներին՝ այդ թվում նաև երկրաշարժերին: Անլար սենսորային համակարգի մշակման և տեղադրման միջոցով զարգացնելով սեյսմակայունությունը որոշող մի շարք տեխնոլոգիաներ՝ նա շարունակում է ընդլայնել ռազմավարական քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգի ստեղծման քննարկումները՝ շեշտելով իր հայտնագործությունների քաղաքական, տնտեսական և հասարակական կարևորությունը», - գրում է աղբյուրը:

Նշվում է, որ հայ ընտանիքում ծնված Քիրեմիդջյանը ԱՄՆ է տեղափոխվել Բուլղարիայից 1965-ին: