6 ապրիլի 2018 - 13:56 AMT
«Հարվածեցինք հայերի տներին, նրանք փախան եկեղեցի»․ Ցեղասպանությանը մասնակցած գերմանացի

Թուրքական զորքերը հայերի կոտորածների ընթացքում հիմնականում կիրառել են գերմանական արտադրության հրացաններ և այլ զինատեսակներ: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել գերմանական Deutsche Welle-ն՝ հիմնվելով Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) համաշխարհային ցանցի զեկույցի վրա:

Ըստ զեկույցի, «Մաուզերը», որը երկու աշխարհամարտերի ընթացքում էլ Գերմանիայի համար փոքր զինատեսակների հիմնական արտադրողն է եղել, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք, գերմանացի սպաների գործուն աջակցությամբ, կիրառվել են Հայոց ցեղասպանության ընթացքում:

«Գերմանացի զինվորականները, որոնք ծառայում էին օսմանյան բանակում, մեծապես աջակցել են թուրքերին հայերի սպանությունների գործում: Ագրեսիվ զինվորականների մեծ մասը զինված էր «Մաուզեր» տիպի հրացաններով, իսկ սպաները՝ «Մաուզեր» ատրճանակներով», - այս մասին նշվում է զենքի վաճառքի դեմ պայքարող համաշխարհային ցանցի զեկույցում:

Թուրքական զորքերը հայերի՝ Մուսա լեռան դիմադրությունը ճնշելու համար կիրառել են նաև Գերմանիայի Էսսեն քաղաքում տեղակայված Krupp ընկերության թնդանոթները:

««Մաուզերը» հրացանների մենատերն էր Օսմանյան կայսրությունում: Հարցն այն է, թե ով է փաստացի մատակարարել զենքը Թուրքիային, ոչ միայն Ցեղասպանության շրջանում, այլ նաև Առաջին աշխարհամարտի ընթացքում: Ոչ ոք այս հարցը նախկինում չի բարձրացրել, ինչպես նաև այն, թե որքանով են գերմանացի զինվորականները մասնակցել սպանություններին», - գրված է զեկույցում:

Աղբյուրը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գուակը հայտարարել է, որ Գերմանիան պատասխանատու է Ցեղասպանության համար: Նույն տարում լրագրող Յուրգեն Գոթշլիչը մանրամասնորեն գրել է Թուրքիայի եվրոպական թիվ մեկ դաշնակցի՝ Գերմանիայի ռազմական աջակցության մասին Վիլհելմ կայսրի ժամանակաշրջանում: Նշվում է նաև, որ շատ գերմանացի զինվորականները պատմել են հայկական կոտորածների մասին իրենց հարազատներին հասցեագրված նամակներում:

Զեկույցում մեծ տեղ է հատկացվել Թուրքիայի հարավարևելյան Ուրֆա քաղաքում ծառայող բարձրաստիճան գերմանացի սպա Մեյեր Գրաֆ Էբերհարդ Վոլֆսքեհլի նամակներին: Նա ծառայում էր թուրքական չորրորդ բանակի հրամանատար Ֆահրի փաշայի հրամկազմում: Գերմանացի սպան գրում է, որ քաղաքի հայ բնակիչները պատսպարվել էին տներում՝ թուրքական հետևազորից պաշտպանվելու համար:

«Հայերը գրավել էին եկեղեցուց հարավ ընկած տները: Երբ մեր հրետանին կրակեց տների ուղղությամբ, բազմաթիվ մարդիկ զոհվեցին տների ներսում, մյուսները փորձեցին նահանջել դեպի եկեղեցի, բայց նրանք ստիպված էին շրջանցել եկեղեցին բաց տարածքով, մեր հրետանին արդեն հասել էր տներին և կրակեց փախուստի դիմող ժողովրդի ուղղությամբ», - գրում է գերմանացի սպան իր կնոջը հասցեագրված նամակում՝ հավելելով, որ իր բոլոր հաձակումների ընթացքում հետևազորի գործադրմամբ լավ արդյունքի է հասել:

Զեկույցի մեջ նշվում է, որ մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները սովորեցնում էին դրանք կիրառության մեջ դնել, գերմանացի բարձրաստիճան սպաները Ցեղասպանության «գաղափարական հիմքերի» մասին էին խոսում:

Ըստ զեկույցի հեղինակի, այն, որ Գերմանիան կիսում էր Օսմանյան կայսրության անվստայությունը հայերի նկատմամբ, գաղտնիք չէր, երկուսն էլ վախենում էին՝ հայերը գործակցում են իրենց ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի հետ: Մեջեբերվում է թուրք-գերմանական ստորաբաժանումների անդամ, Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի ընկեր Հանս Հումանի արտահայտությունը. «Հայերը կոչնչացվեն ռուսների հետ իրենց դավադրության համար: Դա բարդ է, բայց անհրաժեշտ»,- նշվում է զեկույցում: