16 ապրիլի 2018 - 13:47 AMT
Հարցում. Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի

Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի: Այդ են վկայում «Լևադա-ցենտր» սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները:

Հարցման մասնակիցների միայն 8%-ն է պատրաստ դուրս գալ հանրահավաքի, գրում է ՌԲԿ-ն:

Ըստ հետազոտության, հարցման մասնակիցների 75%-ը քիչ հավանական է համարում ռուսաստանցիների բողոքները կյանքի մակարդակի նվազման կամ սեփական իրավունքների պաշտպանության օգտին, իսկ 17%-ը կարծում է, որ դա միանգամայն հավանական է:

Էլ ավելի սառն են վերաբերվում ռուսաստանցիները քաղաքական պահանջներով բողոքի ակցիաներին: Հարցման մասնակիցների 80%-ը դա քիչ հավանական է համարում (միայն 12%-ը՝ միանգամայն հնարավոր), 88%-ը հրաժարվել է մասնակցել ակցիաներին (6%-ը պատրաստ է):

Ըստ հարցման կենտրոնի, 2017-ին բողոքի տրամադրություններն ավելի ուժեղ էին: 2017-ի հունիսին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հանրահավաքների ֆոնին հարցման մասնակիցների 28 տոկոսը միանգամայն հնարավոր էր համարում կենսամակարդակի նվազման դեմ հանրահավաքները: