24 ապրիլի 2018 - 16:40 AMT
«Ավրորայի» $1 մլն մրցանակին 3 թեկնածու է հավակնում

«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել 3 մարդասերի՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության և Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար։

Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման, հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացրել է 2018-ի երեք հերոսներին.

• Չո Լա Աուն, իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մահմեդական Չո Լա Աունը, թեև ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

• Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն և իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50.000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առևանգումների փորձերից տուժածներին և սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաև Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

• Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17.800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների և թրաֆիքինգի դեմ։

Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018-ի հունիսի 9-ին, Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգևատրվի ինչպես 100.000 դոլարի պարգևով, այնպես էլ 1 000 000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։