Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին։
Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։
«Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն, կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն», - ասել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ, իր կարծիքով, արտահերթ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ակնհայտ է։
Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։