12 մայիսի 2018 - 10:46 AMT
Փաշինյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը ճգնաժամից հետո չի փոխվի

Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվի: Այդ մասին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Փոփոխություններից հետո փաստացի Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվում և չի փոխվելու»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաշինյանը վստահ է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: «Կարծում եմ, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: Ես դրանում վստահ եմ: Հասկանում եմ, որ Մոսկվան ունի մտավախություններ, կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո նման մտավախություններ այլևս չեն լինի և հայ-ռուսական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ բողոքները Հայաստանում արտաքին քաղաքական նպատակներ չեն ունեցել: «Ճշմարտությունն այն է, որ մեր համաժողովրդական շարժումը չի ունեցել արտաքին քաղաքականությանն առնչվող օրակարգ: Դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, կապված ներքին խնդիրների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում:

ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը: