14 մայիսի 2018 - 17:16 AMT
Ադրբեջան-ՀՀ սահմանը հատած 6 բանգլադեշցին ցուցմունք են տվել. Ասում են՝ մոլորվել էին

2018 թվականի մայիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալված Բանգլադեշի 6 քաղաքացին, ովքեր հանձնվել էին Ազգային անվտանգության ծառայությանը, ցուցմունք են տվել: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Նրանք ասել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով պատահաբար հայտնվել են Հայաստանում:

Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաև ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանը, որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից: