15 մայիսի 2018 - 10:31 AMT
Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որը հիվանդանոց էր տեղափոխվել ուսի կոտրվածքի պատճառով, դուրս է գրվել: Նրան վիրահատել են, 93-ամյա երգիչը դուրս է եկել փարիզյան հիվանդանոցից վիրակապած ձեռքով:

Ազնավուրը ստիպված կլինի ֆիքսող սարքը կրել մինչև ամսվա վերջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France Info-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Նա ընկել է և կոտրել էր ձեռքը ուսի հատվածում: Երգիչը վայր էր ընկել իր տանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շառլ Ազնավուրն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին, որ կարողացան առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։

«Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա»,-ասվում է Ազնավուրի ուղերձում։