15 մայիսի 2018 - 17:56 AMT
Լենինգրադի շրջափակումը վերապրած 81-ամյա հայուհուն արտաքսել են Բաքվի օդանավակայանից

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել մուտք գործել երկիր 81-ամյա Օլգա Բարսեղյանին Սանկտ Պետերբուրգից: Հիմք է ծառայել նրա հայկական ազգանունը:

81-ամյա կինը Լենինգրադի շրջափակման մասնակից է, ծնվել է այդ քաղաքում:

Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ուսումնասիրելով Բարսեղյանի արտասահմանյան անձնագիրը, մի կողմ է տարել ուղևորուհուն և արտաքսման մասին ակտ կազմել: Որպես հիմք նշված են «այլ պատճառները»: Բաքու ժամանելուց 11 ժամ անց Օլգա Կառլոսի Բարսեղյանին նստեցրել են Բաքու-Մոսկվա չվերթը կատարող ինքնաթիռը և արտաքսել, հայտնում է fontanka.ru-ն:

2018-ի մարտինԷստոնիայի հայազգի քաղաքացի Կարինե Օգանեսյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ օդանավակայանում պահելուց հետո ուղարկել են Էստոնիա:

Կարինե Օգանեսյանը Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդականն է և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահը: Նա Բաքու էր մեկնել մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին: