16 մայիսի 2018 - 14:27 AMT
Սաֆարովից հայ զինվորականին փրկած լիտվացի սպան պարգևատրվել է

Լիտվացի զինծառայող, կապիտան Սաուլիուս Պալիուլիսը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին հայ սպայի կյանքը փրկելու համար:

Լիտվայում. Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Պալիուլիսին է հանձնել «Վազգեն Սարգսյան» մեդալը Հայկ Մակուչյանի կյանքը փրկելու համար, այն բանից հետո, երբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովն արդեն սպանել էր Գուրգեն Մարգարյանին:

«Ինձ համար մեծ պատիվ է պարգևատրել պարոն Պալիուլիսին ՀՀ պաշտպանության նախարարության մեդալով»,-գրել է Մկրտչյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: ծ

2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: