16 մայիսի 2018 - 16:24 AMT
Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի կգործի

Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: Այդ մասին հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին, Արցախի Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ:

Նա կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու, հայտնում է «Արցախպրեսը»:

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Հարությունյանը: