17 մայիսի 2018 - 10:14 AMT
ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել է

Երկարատև և բարդ բանակցություններից հետո կնքվել է ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։ Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար», - նշել է նա:

ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվել Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ: