21 մայիսի 2018 - 11:03 AMT
Արցախում մեկնարկել է «Թալիշի վերածնունդ» նախագիծը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Թալիշ գյուղում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ծրագիրը կարևոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին և բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը խոստացել է 1 միլիոն դոլար նվիրաբերել Գետավանի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից: