21 մայիսի 2018 - 11:38 AMT
Amnesty International-ը «Սասնա ծռերին» չի կարող խղճի բանտարկյալներ համարել` բռնություն կար

Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ՝ այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Այդ մասին հայտարարել է Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին՝ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր կարող են համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: «Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միայն համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո»,-ասել է Ասաթիանին:

«Դեռևս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձևաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին («Սասնա ծռերի»), ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաև ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է»,-ասել է Amnesty International-ի պատասխանատուն:

Նա նշել է, որ Հայաստանի պարագայում իրենք ուսումնասիրել են հավաքների ազատության խնդիրը: Նշելով, որ Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր՝ Ասաթիանին հավելել է, որ, որպես Amnesty International-ի ներկայացուցիչ, ներկա էր Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին:

«Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման և ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ: Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կապված Երևանում 2016-ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են:

Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որևէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որևէ բռնություն, չի կատարել որևէ հանցանք և ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ, սակայն, մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը»,-ասել է նա:

Ասաթիանին հավելել է, որ Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ իրենք արձանագրել ենք, որ ընդհանուր առմամբ ցույցերն ու հավաքները խաղաղ էին, ինչն աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես լինում են բախումների ու բռնության դեպքերի: Նշվում է, որ կազմակերպությունը որոշ մտահոգություններ ուներ ոստիկանության գործողությունների կապակցությամբ և արձանագրել է մի քանի դեպք, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ:

«Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց:Մեր մյուս մտահոգությունն է բերման ենթարկելու օրինականությունը: Մենք ականատես եղանք , որ հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվում վարչական օրինախախտումների համար, ինչպես նաև քրեական ակտիվության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ամենախնդրահարույցը բերման ենթարկվածներին պահելու ժամկետն է: Ըստ Հայաստանի օրենսդրության բերման ենթարկվածներին կարող են պահել ընդամենը 3 ժամ, սակայն շատերն արձանագրում էին, որ ոստիկանությունը նրանց պահել է ավելի երկար ժամանակ:Մենք նաև արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ անհայտ անձինք մոտեցել են խաղաղ ցուցարարներին և սկսել հարվածել նրանց: Որոշ տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը չի միջամտել և բերման չի ենթարկել հարձակվողներին: Ինչպես մեզ հայտնեցին ցուցարարները, սա ոստիկանության որդեգրած գործելաոճն էր, որով փորձ էր արվում հետ պահել մարդկանց ցույցերից և խոչընդոտել ազատ արտահայտման իրավունքի իրականացմանը»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Amnesty International-ը նաև մտահոգություններ ունի ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառման վերաբերյալ: Կազմակերպությունն արձանագրել է նման նռնակների կիրառման առնվազն երկու դեպք վերջին շաբաթներում, որոնք կիրառվել են առանց համապատասխան նախազգուշացման: Արդյունքում մի շարք ցուցարարներ և ոստիկաններ վնասվածքներ են ստացել:

Նշվում է, որ մտահոգություն կա նաև մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու հարցում: «Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը կամ անհայտ անձինք միտումնավոր վնաս են հասցրել քաղաքացիների ավտոմեքենաներին, որոնք օգտագործվում էին ցուցարարների կողմից փողոցները փակելու համար: Վերոհիշյալ բոլոր մտահոգությունները փոխանցվել են մեր կողմից ՀՀ ոստիկանությանը երկու շաբաթ առաջ: Մենք շարունակում ենք հետաքննությունն այս ուղղությամբ և հույս ունենք, որ իրավախախտողները պատասխանատվության կենթարկվեն»,-ասել է Ասաթիանին:

Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը: Մայիսի 17-ին, նրանք արձագանքեցին վարչապետ Փաշինյանի կոչին, և բացեցին փողոցը:

«Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին:Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։