21 մայիսի 2018 - 13:21 AMT
Լյուկ Բեսոնին մեղադրում են բռնաբարության մեջ

Փարիզի ոստիկանությունը հետաքննում է ֆրանսիացի ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Լյուկ Բեսոնի դեմ առաջադրված բռնաբարության մեղադրանքը: Բողոքը ոստիկանություն է ներկայացրել մի դերասանուհի, որի անունը չի նշվում:

«Լյուկ Բեսոնը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը»,-հայտարարել է ռեժիսորի իրավաբան Թիերի Մարեմբերտը, գրում է BBC-ին France Press-ի վրա հղումով:

Իրավաբանը հավելել է նաև, որ ճանաչում է իր դեմ բողոք ներկայացրած կնոջը, սակայն, «երբեք իրեն անպատեհ չի պահել նրա հանդեպ»:

Associated Press-ը հայտնում է, որ խոսքը փարիզյան «Բրիսթոլ» հյուրանոցում 27-ամյա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին է: Ըստ France Press-ի, դերասանուհին պնդում է, որ մոտ 2 տարի հարաբերություններ է ունեցել Բեսոնի հետ և բողոքել է, որ իրեն պարտադրել են դա, ինչը կապված է եղել աշխատանքի հետ:

Ըստ Europe 1 ռադիոյի, որն առաջինը հայտնեց մեղադրանքի մասին, կինը բողոքել է, որ «մի բաժակ թեյ է խմել, որից հետո վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը», իսկ ուշքի է եկել սեռական բնույթի ոտնձգության ժամանակ: Մեղադրանքի մասին հայտնի է դարձել Կաննի կինոփառատոնի փակման օրը, որի թեմաներից մեկն էր պայքարը սեռական ոտնձգությունների դեմ:

59-ամյա Բեսոնն ամուսնացած է կինոպրոդյուսեր Վիրժինիա Սիլլայի հետ, նա 3 երեխա ունի այդ կնոջից և ևս 2-ը՝ նախորդ ամուսնություններից: Բեսոնը հայտնի է դարձել «Լեոն», «Կապույտ անդունդ», «5-րդ տարրը» ֆիլմերից հետո: