21 մայիսի 2018 - 12:44 AMT
Սոցապ նախարարն առաջարկում է եռապատկել 2-րդ երեխայի ծննդյան նպաստը

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա հայտնում է, որ նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ: Նախարարը հավելել է նաև, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:

«Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնն՝ արձանագրելու համար թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, կառավարության քննարկմանն եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»,- գրել է Մանե Թանդիլյանը: :

Նա հավելել է, որ առկա նպաստների չափերը, իհարկե, հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում փոքր փոփոխությունների հնարավորություն կա:

Նախարարը հայտնել է, որ առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը:

Ըստ գործող կարգի, ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25.000 դրամ։

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ: