21 մայիսի 2018 - 14:15 AMT
Հայաստանն ու Կիպրոսը կարևորում են քաղաքական երկխոսության ակտիվացումը

Պատմական ամուր հիմքի և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ մասին ասվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հանդիպման ժամանակ:

Կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանրապետության նախագահը նշել է, որ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններին:

Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ հատկապես զբոսաշրջության, ծառայությունների և բանկային ոլորտներում: Կողմերն ընդգծել են նաև գիտակրթական ոլորտում համագործակցության և փոխանակման ծրագրերի կարևորությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ու կիրառման կարևորությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Դեմետրիս Սիլուրիսը կիպրական կողմի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընթացող բանակցություններին: Իր հերթին նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այս հարցում Կիպրոսի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը:

2017-ի դեկտեմբերին ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ: