21 մայիսի 2018 - 15:45 AMT
Պաշտոնապես հայտարարվել է, որ Մոսկվայի «Արարատը» Հայաստան է տեղափոխվում

Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլի ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը տեղափոխվում է Հայաստան՝ սեփականատերերն այնտեղ են զարգացնելու նախագիծը: Այդ մասին Գալստյանը հայտարարել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում:

«Այո, մենք զարգացնելու ենք նախագիծը Երևանում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի բազայի վրա: Որոշումն ընդունված է, 100 տոկոսով: ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում «Արարատը» հանդես չի գալու»,-ասել է Գալստյանը:

Նա նշել է, որ ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան»: Դա մի փոքր ավելի ուշ կորոշվի: Խոսելով ակումբի ֆուտբոլիստների ճակատագրի մասին՝ Պողոսյանն ասել է. «Մենք կցանկանայինք տղաներից մի քանիսին մեզ հետ տանել, բայց նրանք մտադիր են կարիերան Ռուսաստանում շարունակել: Նոր ակումբներ կգտնեն: Կարծում եմ, նրանք խնդիրներ չեն ունենա աշխատանքի տեղավորվելու առումով: Թիմը վստահ առաջին տեղը գրավեց երկրորդ դիվիզիոնի գոտիների մրցաշարում»:

«Արարատի» փոխարեն ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես կգա «Լուչ-Էներգիան»: