21 մայիսի 2018 - 17:43 AMT
Վիգեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանը հեռակա բանավիճել են «Ազգ-բանակ» ծրագրի շուրջ

Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել է «Ազգ-բանակ» հայեցակարգը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա մասնավորապես ասել է.«Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Վստահ եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը տված հարցազրույցում:

«Նախկին իշխանություններն ասում էին, թե դուք այս հայրենիքը չեք սիրում, դրա համար կոռուպցիա կա, դրա համար համակարգը վատ է աշխատում, մենք եկել ենք ձեզ սովորեցնենք, որ հայրենիք սիրեք: Իսկ իրականում խնդիրն իրենց մեջ էր, իրենք էին կոռումպացված, և այդ կոռումպացվածությունը թաքցնելու համար առաջարկել էին ազգ-բանակը»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակ Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի ելույթին՝ ասել է, որ կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում:

«Այն, ինչ ներկայացվում է որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակին» վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:

Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և, հետևաբար, դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժսպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոցպաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով»,-գրել է Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նախկին նախարարը խորհուրդ է տվել նորանշանակ պաշտոնյային, անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից, չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը:

«Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար»,-ասվում է Վիգեն Սարգսյանի գրառման մեջ:

Արմեն Գրիգորյանը նախկինում եղել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության փորձագետ, մասնակցել է ընտրություններում դիտորդական առաքելություններին: Նա նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից էր: