22 մայիսի 2018 - 10:23 AMT
Արցախի օրերը Ֆրանսիայում մեկնարկել են Կոմպիենում

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որն իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։

Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները:

Բացման արարողությանը ներկա էին նաև Կոմպիենի քաղաքապետ, նախկին սենատոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին, քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: