22 մայիսի 2018 - 11:00 AMT
Ավանում լրագրողների և ցուցարարների հանդեպ բռնություն գործադրողների ինքնությունը պարզվում է

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանում 2018 թվականի ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Վարույթ է ընդունվել տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության և «Սիվիլնեթի» լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում նաև դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ:

Ձեռնարկված միջացոռումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է և հարցաքննվել։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: