22 մայիսի 2018 - 11:31 AMT
Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն հոլովակը հետաքրքրել է Կաննի կինեմատոգրաֆիստներին

Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» սոցիալական հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկայացվել է Կաննի 71-րդ կինոփառատոնում, որն աշխատանքն ավարտեց մայիսի 20-ին:

Հոլովակը ցուցադրվել է CANNES SHORT FILM CORNER արտամրցութային ծրագրում՝ Palais de festival դահլիճում, իսկ ավելի ուշ՝ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում և մեծ հետաքրքրություն է առաջացրել կինեմատոգրաֆիստների շրջանում, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հանդիպումների արդյունքում ռեժիսորներ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կցուցադրվի նաև հեղինակավոր Պեկինի միջազգային փառատոնում: Հոլովակը բարձր են գնահատել նաև միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Իրանի, Ֆրանսիայի և Իտալիայի:

Ուկրաինայի Գոսկինոյի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության և Ուկրաինայի հայերի միության հետագա համագործակցության հեռանկարները:

«Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է ստացել:Ֆիլմը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: