22 մայիսի 2018 - 11:48 AMT
Բալայան. Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի բանակցություններում՝ իրողություններ են փոխվել

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը շարունակում է մնալ նույնը, դրա վերաբերյալ կա կոնսենսուս նաև հանրության մեջ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. «Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը, դա տարիներ շարունակ ասել ենք ու շարունակում ենք ասել, պարզապես այժմ իրողություններ են փոխվել և այդ մասին թե՚ վարչապետը, թե՚ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

Բալայանը հավելել է նաև, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ այսուհետ արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար ճեպազրույցներ են լինելու ԶԼՄ-ների համար` տեղեկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին:

«Սա որպես լրացուցիչ գործիք ենք ներդնում: Այսօր ներկայացնելու ենք մեր առաջիկա այցելությունները` Հայաստան ու Հայաստանից դուրս», - ասել է Տիգրան Բալայանը:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իր հերթին ասել է, որ Արցախի` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում բանակցային մաս դառնալու մասին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել:

«Այնպես որ դա ակնհայտ էր, նույնիսկ համանախագահների համար», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Փոխարտգործնախարարի խոսքով` եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա:

«Ինձ զարմացնում է այս իրարանցումը: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց իր մասնակցության առաջընթաց անհնարին է», - հավելել է Քոչարյանը:

Փոխնախարարը ընդգծել է, որ եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ:

«Մյուս կողմից համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրոք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար», - հայտարարել է Քոչարյանը: