22 մայիսի 2018 - 12:03 AMT
Դավիթ Սանասարյանը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Համապատասխան հրամանագրրը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` Դավիթ Սանասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետ», - մասնավորապես ասված է հրամանագրում:

Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ղեկավարած կառույցը հանդիսանալու է «պետական հիվանդ համակարգի առողջացման գլխավոր կլինիկան ու կոռուպցիայի հիմնահատակ կազմաքանդելու «ջարդող գումարտակը»»։

Անդրադառնալով նոր գործադիրում պաշտոնի չհավակնելու մասին իր հայտարարությանը, Սանասրյանն ասել է, որ խոստումը չի դրժել:

«Ես կառավարությունում չեմ, ավելին՝ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարությունից դուրս է, կառավարության «ընդդիմադիր» կառույցն է։ Վարչապետ Փաշինյանի հետ միասին կարճ ժամանակում ցույց ենք տալու արդյունքներ, որոնք հին երազանքներ էին ու որոնք դառնալու են իրականություն», - նշել է Սանասարյանը: