24 մայիսի 2018 - 12:12 AMT
Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում

Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում: Քննարկումը նախաձեռնել է ձախակողմյան ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը, գրում է Jerusalem Post-ը:

«Դա մեր բարոյական և պատմական պարտավորությունն է: Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից»,-հայտարարել է նա:

«Կրկին ու կրկին այդ հարցը դառնում է քաղաքական բանավեճերի զոհը»,-նշել է նա:

Զանդբերգի առաջարկը միաձայն հավանության է արժանացել, թեև փոքր քվորումով՝ 16:0:

2015-ին Քնեսեթը հավանություն էր տվել հարցն օրակարգում ընդգրկելուն, սակայն միայն հանձնաժողովի մակարդակում, որի արդյունքում խորհրդարանի Լուսավորության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Զանդբերգի առաջարկը տարբերվում էր նրանով, որ քննարկում էր պահանջում ընդլայնված նիստում և հավանություն ստանալու դեպքում Ցեղասպանության ճանաչումը կարտահայտի ամբողջ Քնեսեթի դիրքորոշումը:

2018-ի փետրվարին ևս եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում քննարկելու փորձ, սակայն այն ժամանակ այդ գաղափարը մերժվեց: Կառավարությունը միշտ խնդրել է կոալիցիային դեմ քվեարկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից դրդված: