25 մայիսի 2018 - 12:05 AMT
Վարչապետ. «Հայաստան» հիմնադրամը ՀՀ իշխանության հանդեպ Սփյուռքի վստահության ցուցիչն է

«Հայաստան» հիմադրամը դարձել է ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ հավելելով, որ հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ է եղել Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը:

Նա նշել է, որ հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել:

«Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիսին, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել:

«Մեր խնդիրն է, որ այսուհետ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը ՀՀ-ի, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է»,-ասել է վարչապետը:

Նա նկատել է, որ 1991-ին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ է, թույլ տրվեց մի կարևոր հայեցակարգային բացթողում: «Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում ՀՀ-ն որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել, մնացել է նույնը՝ որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե ՀՀ քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, ՀՀ շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը:

Մենք համոզված ենք, որ ՀՀ-ն հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում ՀՀ հետագա զարգացումը: Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, ՀՀ քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու և ՀՀ ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բնականոն զարգացումը: Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ այս գործընթացն անշրջելի է և որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին հաղթել է և այդ հաղթանակն անշրջելի է և այն դառնալու է շարունակական:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է: