25 մայիսի 2018 - 12:09 AMT
Մարուքյանը պատրաստ է պաշտպանել Աշոտյանին «քաղաքական հետապնդումից»

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշտպանել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին «քաղաքական հետապնդումից»: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ինքը՝ պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բազմիցս քննադատվել եմ իշխանության կողմից և ինքս էլ նշել եմ՝ որ օրը նրանք կլինեն ընդդիմություն, ես առաջինը նրանց կպաշտպանեմ, առաջին քաղաքական հետապնդվողին կպաշտպանեմ։ Ես ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում», - ասել պատգամավորը՝ հավելելով, որ ինքն այս պահին չի տեսնում մի անձի, ում նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Որևէ բան չի խանգարում նրան հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան», - ասել է նա։

Ավելի վաղ,ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, որը խորհրդարանում կառավարության առաջին հարց ու պատասխանի ժամանակ հարց էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքել էր Հանրային հեռուստաընկերությունից, որի լրատվական հաղորդումը ցուցադրել էր միայն Փաշինյանի պատասխանը: