25 մայիսի 2018 - 13:05 AMT
Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին փոխարինելու է Նարա Հովհաննիսյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 25-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Նարա Հովհաննիսյանին մանդատ տրամադրելու արձանագրություն է կազմվել: Նա փոխարինելու է խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից գրություն է ստացել Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն էր ուղարկել՝ առաջարկելով ԵԼՔ խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել մանդատից:

Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել, սակայն մի քանի օր անց հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին՝ դիմում ներկայացնելով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ Նա Ավագանի վերադառնալու ցանկություն էր հայտնել:

Մարգարյանի՝ իրեն ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրության կազմումից հետո, Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։ Նա դիմել էր ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել էր, որ Սիմոնյանը կարող է մասնակցել առաջիկա նիստին։