25 մայիսի 2018 - 14:54 AMT
Ստալոնեի ֆիլմերով հայտնի հուլիվուդյան պրոդյուսերին ՌԴ-ն կարտահանձնի Հայաստանին

Մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ: Նրան մեղադրում են 50 մլն դոլար յուրացնելու մեջ:

Ըստ քննության, 97 մլն դոլարով վաճառելով ամերիկյան 20 ֆիլմի իրավունքները, նա իրական գնից ավելի քան 2 անգամ թանկ է վաճառել դրանք: Ինքը կինոպրոդյուսերը հայտարարում է, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով, գրում է Business FM-ը:

Մարտիրոսյանը թեև ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի է բնակվում է ԱՄՆ-ում: Նրան ձերբակալել էին 2017-ի հոկտեմբերի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, երբ նա գործով Մոսկվա էր եկել: Պարզվեց, որ նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից: Քրգործը նրա դեմ հարուցվել էր ՀՀ-ում «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության հայցով: Ինչպես պնդում է Մարտիրոսյանը, այդ օֆշորային ընկերության սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը:

Ըստ քննության, հենց այդ ընկերության հետ էր 2011-13թթ. Մարտիրոսյանը պայմանագիր կնքել 20 ֆիլմի կինովարձույթի վերաբերյալ ամերիկյան «Էնվիժն Ինթերթեյմենթ» ընկերության անունից, որը գլխավորում էր ինքը: Քրգործում խոսքը հետևյալ ֆիլմերի մասին է ՝ «Պարեկախումբը» (2012թ. ԱՄՆ), «Ես՝ Ալեքս Քրոսսը» (2012թ. ԱՄՆ), «Արատների քաղաքը» (2013թ., ԱՄՆ), որոնց նկարահանումների պրոդյուսերն անձամբ Մարտիրոսյանն է եղել: Ըստ մեղադրանքի, «Հայբիզնեսբանկից» «Փուլհեմ Հոլդինգ» ընկերության միջոցով փոխանցված 97,2 մլն դոլարից Մարտիրոսյանը միայն 47,2 մլն դոլարն է ծախսել ֆիլմերի գնման համար, իսկ երկրորդ կեսը՝ 50 մլն դոլարը յուրացրել է:

2017-ի դեկտեմբերին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է ՀՀ հարցումը Մարտիրոսյանի արտահանձնման վերաբերյալ: Փաստաբանները բողոքարկել էին որոշումը, սակայն 2018-ի հունվարի 30-ին դատարանն այն օրինական ճանաչեց: Հետո պաշտպանությունը հասավ նրան, որ որոշումը չեղարկվեց ՌԴ Գերագույն դատարանում, սակայն բարձրագույն ատյանը բողոքարկեց այն և մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն արտահանձնման որշում կայացրեց: