Ամերիկյան խոշոր Associated Television International ընկերությունը 6 դրամատիկ հեռուստատեսային նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։ Արտադրության մեկնարկը կտրվի 2018-ի հուլիսին։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:
Նշվում է, որ նախագծերը կհեռարձակվեն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսությամբ և POPSTAR ալիքով։ Ընկերությունը պատրաստվում է հեռարձակել դրանք 2018 թվականի հոկտեմբերին:
ATI-ի նախագահ Դեյվիդ Մկքենզիի խոսքով, սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու և այն համաշխարհային կինոշուկայում որպես կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության կենտրոն ներկայացնելու համար: Ըստ նրա, կարևոր է կինոյի և հեռուստատեսության մասնագետներին ցույց տալ, որ Հայաստանը բացի ստեղծագործական ներուժ ունենալուց, նաև հիանալի վայր է նկարահանումների համար։
Ընկերությունը նաև Հայաստանում վերջին նեքաղաքական իրադարձությունների մասին պատմող մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի։ Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ Պատմիչների դերում հանդես կգան ամերիկացի աստղեր Դին Քեյնն ու Մոնտել Վիլյամսը, ովքեր Մկքենզիի հետ «Ժխտում» հեռուստաֆիլմի և «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրության հեղինակներն են։
«Մենք հուսով ենք, որ սա կխթանի Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացումը», - ասել է նա՝ հավելելով, որ ևս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կցուցադրվեն ամբողջ աշխարհում։ Նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտին աջակցելն է։
Associated Television International (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը մոտ երեք տասնամյակ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։ ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխույթանն են առաջադրվել: