25 մայիսի 2018 - 15:12 AMT
Euromag. Նոյեմբերի սկզբին Երևանում կանցնի Yerevan Food Fest 2.800-ը

Euromag պարբերականն անդրադարձել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին և պատմել տարվա գլխավոր գաստրոնոմիական փառատոնի՝ Yerevan Food Fest 2.800-ի մասին: Պարբերականը զրուցել է փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանի հետ:

Ըստ նրա, ռեստորանային ոլորտը դինամիկ զարգանում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Մազմանյանն ասել է, որ Երևանում կան ռեստորաններ տարբեր ճաշակի մարդկանց համար՝ կան վայրեր, ուր կարելի է գնալ եվրոպական հմայքի, հետաքրքիր ճաշացանկի և մատուցման համար, որոշ հաստատություններում կարելի է զգալ ինչպես տանը, կան ռեստորաններ, որտեղ կարելի է համեղ բուրգերներ համտեսել կամ առոջ կերակրատեսակներ ճաշակել:

«Այս տարի Երևանում հոբելյան է՝ մեր քաղաքը դառնում է 2800 տարեկան: Քաղաքապետարանը բազում մշակութային միջոցառումներ է նախատեսում անցկացնել, հիմնականում աշնանը: Քաղաքի օրը նշելու ենք սեպտեմբերի 29-ին և 30-ին, իսկ նոյեմբերի սկզբին կանցկացվի Yerevan Food Fest 2.800-ը: Կհավաքվեն գաստրոնոմիական զբոսաշրջության պրոֆեսիոնալները, ռեստորանատերերը, շեֆ խոհարարները, գաստրոլրագրողները և ուղղակի համեղ կերակուրների սիրահարները»,-պատմել է փառատոնի ղեկավարը:

Ըստ Մազմանյանի, 2018-ին հատուկ Երևանի հոբելյանի համար իրենք յուրահատուկ գաստրոնոմիական ձևաչափ են հորինել և հյուրեր են սպասում աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր և փոփ-ափ ընթրիքներ:

2018-ին Երևանը նշում է հիմնադրման 2800-ամյակը՝ այս տարի տոնակատարությունը կլինի սեպտեմբերի 29-30-ին, կանցկացվեն մի շարք միջոցառումներ: