26 մայիսի 2018 - 10:30 AMT
ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ավանդական բարեկամության և հայ ու վրաց ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը:

Արմեն Սարգսյանը Թբիլիսիում է Վրաստանի նախագահի հրավերով:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում: