26 մայիսի 2018 - 11:03 AMT
ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՄԻՊ աշխատանքը հավաքների ժամանակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային է ներկայացրել Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ և այլն։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և հետագա համագործակցության հնարավորությունները: