26 մայիսի 2018 - 12:33 AMT
Որ փողոցներն են փակ լինելու 1-ին հանրապետության 100-ամյակի միջոցառումների կապակցությամբ

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը Հանրապետության հրապարակում սկսվելու է մայիսի 28-ին ժամը 20:30-ին, հայտնում է ոստիկանությունը:

Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17:00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։

Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։

Միաժամանակ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենցու փողոցն ընկած հատվածը։

«Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8:30-ին։

Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11:00-ին։