28 մայիսի 2018 - 12:37 AMT
Բակո Սահակյան. Հայը կարող է խուսափել կոտորածից, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը

1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

«Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ: Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ուղերձում նշվում է, որ մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը և հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ 1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: