31 մայիսի 2018 - 10:27 AMT
ԱՄՆ Պետդեպ. ՀՀ կրոնական փոքրամասնություններն օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որն ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում մոտ 200 երկրում:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում:

Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով: