8 հունիսի 2018 - 13:49 AMT
Ռուսական գազի գնի վերաբերյալ նախապես պայմանավորված բանակցություններ են լինելու

Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի:

«Պայմանագիրը 2018-ի վերջում պետք է թարմացվի, նոր պայմանների վերաբերյալ քննարկումներ կլինեն նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում, թե՝ ոչ, այս պահին չեմ անդրադառնա դրան: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն ու համապատասխան առաջակներ կլինեն», - նշել է նախարարը:

Այն դիտարկմանը, որ եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, արդյոք Հայաստանը պատրաստ է Իրանից գազ գնել, նախարարն ասել է.«Եթե գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»:

2016-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար: