9 հունիսի 2018 - 10:35 AMT
Մխիթարյանի համար հայկական եռագույնի երանգներով մարզակոշիկներ են ստեղծել

Անհատական պատվերով կոշիկների արտադրությամբ զբաղվող Swithadot ընկերությունը, որտեղ կոշիկները ձեռքով են կարվում, ներկայացրել է Adidas Predator 18 մարզակոշիկները, որոնք ստեղծվել են հատուկ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

ArmArs մոդելը ստեղծվել է հայկական ոճով՝ «Արսենալի» ոճի հետ համադրմամբ՝ մեկը հայկական եռագույնի երանգներով է կարված, մյուսը՝ լոնդոնյան ակումբի գույներով: Մարզակոշիկները զարդարում են նաև Հայաստանի զինանշանն ու «Արսենալի» տարբերանշանը:

«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ: Ահա թե ինչու ենք վերադարձել «հին նմուշի» նյութերին, ինչը դրանք նմանեցնում է մի գանձի, որը մնացել էր պահարանում և հայտնաբերվել է կեսդարյա մոռացությունից հետո»,-ասել է արտադրողը:

Մխիթարյանն այդ մարզակոշիկները ստացել է Մոլդովայի հետ Հայաստանի հավաքականի խաղից առաջ: