11 հունիսի 2018 - 10:39 AMT
2018-ի հունվար-մայիսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2%-ով

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով: 2018-ի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայություն

2018-ի հունվար-մայիս ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք:

2018-ի մայիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: