11 հունիսի 2018 - 11:58 AMT
ՀՀ ԱԳՆ. ՊԲ զինծառայողի սպանության բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում է Բաքուն

Հունիսի 10-ի երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Այդ սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության մեջ:

Նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։ Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը »,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ «Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: