ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:
«Այո. Սպասում ենք ֆուտբոլի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ նախագահի աշխատակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սա առաջին միջոցառումը կլինի, որին մասնակցում են և Փաշինյանը, և Ալիևը:
Ավելի վաղ Փաշինյանի առաջիկա այցի մասին հայտնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն այցի մանրամասներ չէր հայտնել:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցաշարի առաջին խաղից կես ժամ առաջ: Առաջնությունը կբացվի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների խաղով: