12 հունիսի 2018 - 11:32 AMT
Մխիթարյան. ԱԱ-2018-ում մեկ ֆավորիտ չկա, բոլոր թիմերը լավ են պատրաստվել

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում միասնական ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ լավ են պատրաստվել: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով «ՎԿոնտակտե» սոցցանցում երկրպագուների հարցերին:

«Միասնական ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ լավ են պատրաստվել: Ըստ իս, չեմպիոնի հավակնորդներն են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան: Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա: Գիտեմ, որ հավաքականի անդամների վրա մեծ ճնշում է գործադրվում: Ես կխնդրեի հանգիստ թողնել նրանց:

Ռուսաստանցիները շատ լավ են պատրաստվելու: Եթե նրանք հաղթեն առաջին խաղում, ապա խմբից դուրս գալու գերազանց շանսեր կունենան: Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին՝ հուսալով, որ նա դուրս կգա խմբից»,-ասել է Մխիթարյանը:

Նա հիշեցրել է, որ իր տատն ազգությամբ ռուս է: «Ինձ շատ է դուր գալիս ռուսական մշակույթն ու պատմությունը: Ամեն անգամ, երբ Մոսկվա եմ գալիս, ուժեղ զգացմունքներ եմ ունենում», -ասել է ֆուտբոլիստը:

ԱԱ-2018-ը կմեկնարկի հունիսի 14-ին: