12 հունիսի 2018 - 17:23 AMT
Աճեմօղլու. Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները ՀՀ-ում, ինչը սխալ է

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում համակարգային բարեփոխումների գործընթացներում առաջնորդող դերը պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները: Այդ մասին հայտարարել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Խոսելով Սփյուռքի դերի մասին՝ Աճեմօղլուն ասել է, որ Սփյուռքն ունի շատ կարևոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը 2 ուղղությամբ՝ բարոյական աջակցություն և ներդրումներ: «Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է», - ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանում որևէ պաշտոնական դիրք գրավելու հավանականությանը՝ Աճեմօղլուն ասել է, որ պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: «Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ, սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետև հավատացած եմ` սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի և գործողությունների կենտրոնում», - ասել է նա:

Խոսելով վտանգների մասին՝ Աճեմօղլուն ասել է, որ մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում և` աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: «Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում»,-նշել է տնտեսագետը:

Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանն ունի իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին, որովհետև նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է:

«Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով և դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաև փայլուն, կիրթ մարդկային կապիտալ և երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների», - ասել է նա՝ հավելելով, սակայն, որ չի կարելի թերագնահատել ռիսկերը:

Հայտնի տնտեսագետը նշել է, որ պատիվ է ունեցել 2 անգամ խոսելու վարչապետի հետ և այժմ քննարկում են, թե երբ է նրա այցի համար հարմար պահը: «Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը և ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ և կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ»,- ասել է նա:

Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դարոն Աճեմօղլուն տեսակոնֆերանսի շրջանակում քննարկել են Հայաստանի զարգացման հեռանկարները: Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռներիճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ: