13 հունիսի 2018 - 13:46 AMT
Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ հետ ջանալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն:

Համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը նա հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտել է, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։