15 հունիսի 2018 - 11:38 AMT
Փաշինյան. ՀՀ և ՌԴ հարաբերություններում չկան մութ անկյուններ

Երևանի և Մոսկվայի երկխոսությունը շատ կառուցողական է զարգանում, ոչ մի քաղաքական տարաձայնություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Russia Today-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, սակայն, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են ամեն ինչ այլ կերպ ներկայացնել՝ թե իբր Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր:

Վարչապետը հավելել է, որ հայկական հեղափոխության ժամանակ ընդհանրապես չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ենթատեքստ: «ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձ չի լինելու: Չի լինելու, քանի որ ժողովուրդը, որը կյանքի կոչեց այդ հեղափոխությունը, խնդիրներ չուներ արտաքին քաղաքականության հետ կապված: Ուստի չուներ արտաքին քաղաքական պահանջներ»,-նշել է վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասել է. «Ձևավորվել են շատ լավ, անմիջական հարաբերություններ: Այդպես է եղել առաջին իսկ րոպեներից: Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ: Դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք: Բոլոր հարցերը հստակ ենք դնում ու հստակ էլ պատասխանում ենք: Պուտինն այդպիսի մարդ է: Ինչպես հասկանում եմ, նրա համար շատ ընդունելի է շփման այդ ձևը, ճիշտն ասած, ինձ համար էլ է ընդունելի: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ ու շատ կառուցողական»,-ասել է նա:

Խոսելով խնդրահարույց հարցերի առկայության մասին՝ նա ասել է, որ նման հարցեր չկան: «ՌԴ-ն և Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, շատ դեպքերում մեր շահերը համընկնում են, բայց կարող են լինել ինչ-ինչ նրբություններ, որտեղ կարող են և չհամընկնել: Գլխավորն այն մթնոլորտն է, որտեղ քննարկվելու են այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության գալ»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր երկօրյա աշխատանքային այցով: Նա ներկա է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: