15 հունիսի 2018 - 16:50 AMT
«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորության դիմաց փոխելու միջնորդությունը և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը::

Միջնորդությունը հունիսի 15-ի դատական նիստի ժամանակ ներկայացրել էր մեղադրյալի պաշտպան Հայարփի Սարգսյանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն են տվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ գրավ։

Միևնույն ժամանակ, փաստաբանը շեշտել էր, որ իր պաշտպանյալը, որը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում էր ստացել ոտքից, ստացիոնար բուժման կարիք ունի՝ անցած երկու տարվա ընթացքում նա, ըստ էության, բուժում չի ստացել։

Դատավորը հրապարակել էր Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նա կարիք ունի ստացիոնար բուժման։Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը կարծիք էր հայտնել, որ մեղադրյալին ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը, միևնույն ժամանակ՝ առկա վնասվածքները թուլացնում են քննությանը խոչընդոտելու վտանգը։

Հովհաննես Հարությունյանը դարձավ 9-րդ ազատ արձակվածը «Սասնա ծռեր» զինված խմբից։ Ավելի վաղ դատարանների որոշմամբ կալանքից ազատ են արձակվել Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։