15 հունիսի 2018 - 17:33 AMT
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կգնահատեն ՀՀ-ում ստեղծված քաղիրավիճակը

Հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ 9 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ:

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի 9 պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակը:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:

Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում կլինի ևս 8 պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոկեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը (Միացյալ թագավորություն), Բորիս Զալան (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը (Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք, Լիտվա):

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: