15 հունիսի 2018 - 18:00 AMT
ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով արժեքավոր նյութեր ունեցող ՀՀ քաղաքացիների է դիմել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի սպանությունների ամբողջական բացահայտման նպատակով դիմել է հանրությանը աջակցության և ակտիվ ներգրավվածության համար, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

«Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում`10 անձի սպանության ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374)11 900 064», - ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ:

«Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: